ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Նամուս»

«Նամուս»
13.05.2016 | 09:01

Ավարտել եմ Երևանի լավագույն դպրոցներից մեկը` Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը։ Մեր դպրոցի դիմաց գտնվում էր Գ. Սունդուկյանի անվան թատրոնը։ Այն ժամանակ դեռ կար թատրոնի երկաթյա դարպասը, որի երկու կողմերից փակցված էին ազդագրերը։ Դպրոց գնալիս ես հաճախ էի տեսնում-կարդում «Նամուս» վերնագիրը։
Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը» բեմադրել էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանը։ Ներկայացումը երկար մնաց թատրոնի խաղացանկում։ Պրեմիերան կայացավ 1955 թվականի հունիսի 30-ին։ Ներկայացումը խաղացվեց 300 անգամ։ Այն դիտեց ոչ միայն երևանյան հանդիսատեսը, այլև Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի, Թբիլիսիի, սփյուռքի թատերասերները։


1956 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակը։ Այդ տասնօրյակին սունդուկյանցիները երկու անգամ խաղացին «Նամուսը»։ Մոսկովյան խիստ հանդիսատեսը ջերմ ընդունեց ներկայացումը, իսկ քննադատները բարձր գնահատեցին այն։ Տարիներ անց` 2004-ին, երբ ես վարում էի իմ հեղինակային «Օթյակ» հեռուստատեսային շարքը, պատրաստեցի հաղորդում աճեմյանական «Նամուսի» մասին։
Ներկայացման մասնակիցներից մնացել էին միայն չորսը` հանրապետության ժողովրդական արտիստներ Հեղինե Հովհաննիսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Մարգո Մուրադյանը և վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանը։


-«Նամուս» ներկայացումը շրջադարձային էր Սունդուկյանի անվան թատրոնի համար,- այսպես սկսեց իր պատմությունը Վլադիմիր Աբաջյանը։
Ասպարեզ եկավ դերասանների նոր սերունդ` Մետաքսյա Սիմոնյան, Մարգո Մուրադյան, Լյուսյա Հովհաննիսյան, Հեղինե Հովհաննիսյան, Սիրուշ Ավետիսյան, Եվա Մանվելյան, Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Գևորգ Չեփչյան, Հովակ Գալոյան, Սոս Սարգսյան, Արմեն Խոստիկյան, Նորայր Գևորգյան... Հետագայում նրանք դարձան թատրոնի առաջատար դերասանները։ Հզոր արվեստագետներ էին հավաքված Աճեմյանի շուրջը։ «Նամուսի» նկարիչն էր Հրաչյա Մեքինյանը (հետագայում «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր նկարիչը), ներկայացման համար երաժշտություն էր գրել Էդգար Հովհաննիսյանը, իսկ պարերի բեմադրիչն էր Զարեհ Մուրադյանը։
Անսամբլային ներկայացում էր «Նամուսը»։ Յուրաքանչյուր դերասան իր տեղում էր, յուրաքանչյուր կերպար հիշվում էր։
Երկու Սուսանն էլ գեղեցիկ էին և հմայիչ։ Մետաքսյա Սիմոնյանի ու Մարգո Մուրադյանի կողքին վատ խաղալ հնարավոր չէր։ Ֆրունզիկ Մկրտչյանն ու Հովակ Գալոյանը Սեյրանի և Սուսանի հայրերի դերակատարներն էին։ Խորեն Աբրահամյանը համոզիչ էր Ռուստամի դերում, Արմեն Խոստիկյանը համով-հոտով թամադա էր, Լյուսյա Հովհաննիսյանը` Շպպանիկ, իսկ Նորայր Գևորգյանի Ծիպլիծատուրը միշտ աշխուժություն էր առաջացնում դահլիճում։
Շատ բնական էին մասսայական տեսարանները։ Բուռն ծափողջույններով էին ընդունվում Դաղստանի տեսարանը, երբ իմ հերոսը` Սեյրանը, անցում էր կտուրներով, հարսանիքի տեսարանը, որտեղ երիտասարդ կանայք բեմ էին մտնում՝ ձեռքներին ծծկեր երեխաներ։
Մենք չէինք խաղում, մենք ապրում էինք բեմում, ապրում էինք սրտով, հոգով։ Ռոմանտիկ ներկայացում էր, հայկական «Ռոմեո և Ջուլիետ»։
-«Նամուսը» առաջին երիտասարդական ներկայացումը չէր,- պատմում է Հեղինե Հովհաննիսյանը։- Արմեն Գուլակյանի կուրսի շրջանավարտները, որ եկել էին թատրոն, խաղում էին Ա. Աֆինոգենովի «Մաշինկան»։ Ես ավարտել էի Աճեմյանի կուրսը։ «Նամուսում» ուսուցիչս առաջարկեց ինձ Սանամի` Ռուստամի մոր դերը։ Ես երիտասարդ էի և շատ վատ էի ինձ զգում։ Իմ որդու դերակատարը` Խորեն Աբրահամյանը, համարյա իմ հասակակիցն էր։ Մի քանի անգամ դիմեցի Աճեմյանին, որ ազատի ինձ այդ դերից, բարկացավ։ Ասաց. «Դու պետք է խաղաս»։ Երբ անցանք բեմական փորձերի, ես համապատասխան հագուստ ընտրեցի, գլուխս կապեցի, երկար շոր հագա, չստեր... Եվ կամաց-կամաց ընտելացա, հասկացա, թե ինչ պետք է անեմ։ Եվ հերոսուհու բառերը դարձան ինձ հարազատ։


Ներկայացումը հաջողություն ունեցավ։ Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր։ Հիանալի շրջան էր թատրոնում...
-Երբ Վարդան Աճեմյանը առաջարկեց «Նամուսը», կասկած կար. կենցաղային պիես է, ինչ կարիք կա այն բեմադրելու,- հիշում է Մարգո Մուրադյանը։- Սակայն երբ սկսվեցին փորձերը, ես հասկացա, որ լավ ներկայացում պետք է լինի։ Այլ էր մեծ ռեժիսորի մեկնաբանությունը. դա սիրո ողբերգություն էր։ Երբ «Նամուսը» խաղացինք Թբիլիսիում, վրաց քննադատները գրեցին. պոետիկ ներկայացում է։ Շատ էի սիրում պատի տեսարանը։ Մի կողմից Սուսանն էր, մյուս կողմից` Սեյրանը։ Դա իսկական դուետ էր, դրամատիկ դուետ։ Դա Աճեմյանի գլուխգործոցներից էր։
Բոլոր դերակատարները փայլուն էին։ Մետաքսյան ու ես խաղում էինք Սուսան։ Գեղեցիկ էր Մետաքսյան, տաղանդավոր...
-Իրոք, զարմանալի հնչեղություն ունեցավ «Նամուսը»,- պատմում է Գևորգ Չեփչյանը։- Մենք սիրեցինք այն, հանդիսատեսը սիրեց։ Հիշում եմ, երբ «Նամուսը» խաղացինք Մոսկվայում, վարագույրը ներկայացման վերջում բացվեց ու փակվեց 11 անգամ։ Այդ ներկայացումը դիտում էին մեր հանրապետության ղեկավարները։ Շնորհավորեցին մեզ։ Հպարտանում էին, որ մենք բարձր պահեցինք հայ թատրոնի պատիվը։


-Աճեմյանը շատ էր փորձում,- շարունակում է Վլադիմիր Աբաջյանը,- երբեմն փորձերը տևում էին մինչև ուշ գիշեր։ Գլխավոր փորձը շատ երկար տևեց։ Քրտնած դուրս եկանք փողոց, «Սևան» հյուրանոցի մոտ ցայտաղբյուր կար։ Սառը ջուր խմեցի։ Առավոտյան ձայնս կտրված էր։ Բայց, ինչ արած, պետք է խաղայի։ Ներկայացումից հետո Աճեմյանը մոտեցավ ինձ. «Լավ էր, Վոլոդյա, լավ»։ Ինձ թվաց` ձեռ է առնում։ Շարունակեց. «Լավ է, որ ձայնդ կտրվել էր, թե չէ շատ կգոռգոռայիր»։
Երբեմն, երբ հիշում եմ այդ օրերը, մտածում եմ` այսօր էլ կարող էի խաղալ Սեյրան, նույն եռանդով, նվիրումով։ Բայց, ափսոս, շատ բան է փոխվել թատրոնում, և իմ սերունդը համարյա ոչինչ չի անում։ Չնայած հույս ունեմ, որ կգան նորերը, երիտասարդները և գուցե մեզնից հզոր կլինեն...

Նախորդ դարի հիսունականներին, երբ հեռուստատեսությունը նոր էր մտնում մեր կյանք և իշխում էր ռադիոն, ռադիոյով հաճախ էին հաղորդում «Նամուս» ներկայացման մոնտաժը։ Ես հիշում եմ, մեր հարևանները հավաքվում էին որևէ մեկի տանը և ռադիոընդունիչների մոտ կլանված միասին լսում էին «Նամուսը»։ Հուզվում էին, նույնիսկ` լալիս, քննարկում...
Երբ պատրաստում էի հաղորդումը, պարզվեց, որ ժապավենի վրա չի պահպանվել ներկայացումը։ Միայն լուսանկարներ են պահպանվել և մի պատառիկ` պատի տեսարանը Մետաքսյա Սիմոնյանի և Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ։


Ցավալի է, որ նման ճակատագրի են արժանացել մեր շատ հանճարեղ ներկայացումներ, դերասաններ։ Իհարկե, տեխնիկան այն ժամանակ այդպես զարգացած չէր, բայց կար կինոնկարահանում։ Պարզապես անփութություն է եղել։ Չէ՞ որ մոսկովյան հաղորդումներում տեսնում ենք հարուստ արխիվային նյութեր։ ՈՒղղակի միշտ մենք անտարբեր ենք եղել մեր գանձերի նկատմամբ։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ